Blog

Javakhk History and Accomplishments (in Armenian)

ՋԱՒԱԽՔ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

45ff2190802f9793d44160c4e551925c_xsՊատմական Հայաստանի Մեծ Հայքի թագաւորութեան 15 նահանգներից տասներեքերրոդը՝ Գուգարքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հիւսիսային հատուածը: Գուգարքի հիմնական ինը գաւառներից մէկը Ջաւախքն է:

Ջաւախքի միջին բարձրութիւնը ծովի մակերեւոյթից 1800 մ. է, իսկ ամենաբարձր գագաթը Մեծ Աբուլ լեռն է, 3301 մ. բարձրութեամբ: Ջաւախքի կլիման խստաշունչ է. ձմեռը՝ ցուրտ ու երկարատեւ, ամառը՝ մեղմ ու կարճատեւ: Երկրամասը հարուստ է լճերով ու գետերով:

Առաջին պատմական յիշատակութիւնը Ջաւախքի մասին պահպանուել է Ուրարտական ժամանակների խորխոռեան արձանագրութեան մէջ, Արգիշտի Ա. թագաւորի կառավարման ժամանակաշրջանում, մ.թ.ա. 786-764 թթ:

Պատմութեան ընթացքում Ջաւախքը գտնուել է տարբեր տիրապետութիւնների իշխանութեան տակ: 7րդ դարում արդէն այնտեղ հաստատւում է արաբական տիրապետութիւն, որը տեւում է շուրջ մէկ դար: Այնուհետեւ երկրամասն անցնում է Լոռուայ հայկական թագաւորութեանը:

11րդ դարում Ջաւախքում ամրապնդւում են վրաց Բագրատունիները եւ սկսում են կառուցել բերդեր ու շինութիւններ: 1044-1047 թթ. կառուցում են Ախալքալաքի բերդը:

13րդ դարում Ջաւախքը ենթարկւում է միջինասիական մոնղոլական ցեղերին, որոնց տիրապետութիւնը շարունակւում է մինչեւ 15րդ դար: Այդ ժամանակ Ջաւախքը գրաւում են թուրքմէնական ցեղերը: Թուրքմէններին յաջորդում է օսմանեան տիրապետութիւնը, մինչեւ 19րդ դարի սկիզբը: 1829ից Չաւախքը անցնում է ռուսական տիրապետութեան տակ, մինչեւ 1918թ. Դեկտեմբերը, երբ երկրամասը բռնազաւթւում է Վրաստանի հանրապետութեան կողմից:

ՌԿԲԿ Կաւբիւրոյի 1921 թ.ի Յուլիսի 7ի որոշմամբ երկրամասը վերջնականապէս տրւում է Վրաստանին, որի կազմում գտնւում է առ այսօր:

Նահանգի հայ բնակչութեան թիւը հասնում է 200,000ի: Ջաւախքի բնակավայրերի ընդհանուր թիւը մօտ 200 է, որից հայաբնակ են 129ը: Այսպէս.

Ախալքալաքի շրջան՝ 59 հայաբնակ բնակավայրեր, Նինոծմինդայի շրջան՝ 32, Ասպինձայի շրջան՝ 1, Ախալցխայի շրջան՝ 15, Բորժոմի շրջան՝ 8, Ադիգենի շրջան՝ 1, Ծալկայի շրջան՝ 13:

Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Չաւախք գաւառի տարածքը հարուստ է նաեւ բազմաթիւ հայկական պատմական յուշարձաններով: Այնտեղ մինչեւ այժմ պահպանուել են մ.թ.ա. 3-2 հազարամեակի թուագրուող դամբարանաքարեր, կիկլոպեան ամրոցներ, վիշապաքարեր, վաղ միջնադարեան եւ միջնադարեան պաշտամունքային յուշակոթողներ, խաչքարեր, եկեղեցիներ եւ պատմական այլ շինութիւններ: Առ այսօր տարածքում կան 170 հայկական եկեղեցիներ: 2005 թ. Թմբկաբերդի գերեզմանոցում յայտնաբերուել է 1386 թ. հայկական գրութեամբ խաչքար:

ՄՆԱՅՈՒՆ ԾՐԱԳՐԵՐ

1995 թ.ին Վրաստանում իրագործուած տնտեսական բարեփոխումների արդիւնքում առողջապահական հաստատութիւնները կառավարման կենտրոնացուած համակարգից անցան շուկայական յարաբերութիւնների համակարգին: Գործազրկութիւնը եւ սոցիալական ծանր պայմանները իրենց ազդեցութիւնն էին ունենում բնակչութեան առողջական վիճակի վրայ: Էներգամատակարարման խնդիրը դեռեւս մնում էր առաջնահերթ Չաւախքի համար: Ունենալով ընդամէնը մի քանի ժամ ելեկտրականութիւն, հիւանադանոցները ա՛յլ էներգամատակարարման աղբիւրներից չէին սնուցւում: Ծայրայեղ վատ շէնքային պայմաններում էին գտնւում առողջապահական հաստատութիւնները: Վերանորոգման աշխատանքները վերջին անգամ իրագործուել էին սովետական իշխանութիւնների օրօք: Չէր գործում նաեւ ջեռուցման համակարգը: Բոլոր դեղատները սեփականաշնորհուած էին եւ գործում էին միայն քաղաքներում:

Գիւղի համար միակ առողջապահական հաստատութիւնը, որտեղ կարող էին դիմել մարդիկ, մնում էր ամբուլատորիան: Ամբուլատորիաները կառուցուել էին 1978 թ.ին եւ առ այսօր չէին վերանորոգուել, իսկ դրանց մեծ մասը չէր էլ գործում: Երկարատեւ ձմրան ամիսներին, երբ ճանապարհները փակւում էին, բժիշկները հրատապ դէպքում մէկ գիւղից միւսը տեղաշարժւում էին սահնակներով եւ դահուկներով: Դպրոցները չէին ֆինանսաւորւում շէնքային պայմանների բարելաւման եւ ջեռուցման համար: Տնօրէնները գումարներ էին գանձում ծնողներից ջեռուցումը ապահովելու նպատակով: Դպրոցների մեծ մասը կարիք ունէր հիմնաւոր վերանորոգման:

Առկայ էին նաեւ դասագրքերի խնդիրները: Դպրոցները կարիք ունէին գրադարանների, քարտէզների եւ այլ դպրոցական գոյքի: Ջաւախքում չկան գիշերօթիկ դպրոցներ:

Ահա այդպիսի պայմաններում 2001 թ.ից կեանքի կոչուեց Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) Ջաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախումբը (ՋՕԾՅ): Ջաւախքում յանձնախումբն իր գործունէութիւնը ծաւալում է առողջապահական, երիտասարդական, կրթական, սոցիալական, հոգեւոր-մշակութային եւ այլ բնագաւառներում:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ախալքալաքի Ախտորոշիչ Կենտրոն

ՋՕԾՅի ծրագրերի հիմնաքարերից է Ախալքալաքի Ախտորոշիչ կենտրոնը: Աւարտուել են կենտրոնի վերանորոգման եւ կահաւորման աշխատանքները, ինչպէս նաեւ կազմակերպուել են կենտրոնի բժիշկների վերապատրաստման դասընթացները Երեւանի Առողջապահութեան ազգային ինստիտուտում: Ժամանակակից սարքաւորումների շնորհիւ, կենտրոնը հնարաւորութիւն ունի կատարել մի շարք հիւանդութիւնների ախտորոշումներ, որոնք մինչ այդ Ջաւախքի ոչ մի հիւանդանոցում հնարաւոր չէր իրականացնել: Բնակչութիւնը այդ նպատակով գալիս էր Երեւան:

Ախալքալաքի Ատամնաբուժական Կենտրոն

2007 թ. ՋՕԾՅի նախաձեռնութեամբ բացուեց նաեւ Ախալքալաքի ատամնաբուժական կենտրոնը: Կենտրոնն առաջինն է Ջաւախքում եւ նմանը չունի: Այնտեղ կատարւում են ատամնաբուժական բազմաբնոյթ գործողութիւններ:

Ախալքալաքի ախտորոշիչ եւ ատամնաբուժական կենտրոնները յագեցուել են սարքաւորումներով ՀՕՄի՝ Քանատայի եւ ԱՄՆ Արեւմտեան Ափի օժանդակութեամբ:

ՀՕՄի Վրաստանի միաւորի կամաւոր անդամները համագործակցում են ախտորոշիչ եւ ատամնաբուժական կենտրոնների բժշկական անձնակազմերի հետ: ՀՕՄի կողմից տրուած ուղեգրերով բնակչութիւնը ստանում է անվճար ծառայութիւն:

Մանկական Հիւանդութիւնների Համարկուած Վարում

ՋՕԾՅի եւ ԱՄՆ Արեւմտեան Ափի Ջաւախք յանձնախմբի մանրազնին ուսումնասիրութիւններից պարզուեց, որ Ջաւախքում լուրջ խնդիրներ կան մանկական առողջապահութեան բնագաւառում: Չեն բաւարարում անձնակազմերը, իսկ եղածները կարիք ունեն վերապատրաստման, նոր գիտելիքների ձեռքբերման: Յանձնախմբի նախաձեռնութեամբ Չաւախքի տարբեր շրջաններից 16 մանկաբոյժներ եւ թերապեւտներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացներին, նրանցից 5ը վերապատրաստուեցին որպէս դասախօս-բժիշկներ՝ հետագայում իրենց գիտելիքները միւսներին փոխանցելու նպատակով: Համաշխարհային առողջապահական կազմակերպութեան /WHO/ փորձագէտները տեղի մասնագէտներին փոխանցեցին ժամանակակից բժշկութեան գաղտնիքները:

16 Գիւղերի Բուժամբուլատորիաներ

ՋՕԾՅի իրագործած ծրագրերից մէկը 16 գիւղերի բուժամբուլատորիաների վերանորոգումներն են: Ամբուլատորիաները յագեցուել են բժշկական սարքաւորումներով, կահոյքով եւ այլ պարագաներով: Այս ծրագրի արդիւնքում բնակչութեան համար ապահովուել է առաջին բժշկական օգնութիւն, որը մինչ այդ տուեալ գիւղերում բացակայում էր: Ընտրուած գիւղերը գտնւում են 8-10 գիւղախմբերի կենտրոնում: Վերջիններիս բնակչութիւնը նոյնպէս օգտւում է ամբուլատորիաների ծառայութիւններից:

Ախալքալաքի Շրջան

Ախալքալաքի շրջանի նախկին բուժկէտերը չէին գործում: Յանձնախումբը մեծ դժուարութեամբ վեց գիւղերում հայթայթել է շէնքերը եւ բարերարների օգնութեամբ աւարտել դրանց վերանորոգումը: ՋՕԾՅի կողմից բոլոր բուժկէտերը ապահովուած են անհրաժեշտ կահոյքով եւ բժշկական սարքաւորումներով: Նրանց են տրամադրուել առաջին բուժօգնութեան դեղօրայք եւ պարագաներ:

Կարծախ

Կարծախ գիւղը Թուրքիայի սահմանից հեռու է ընդամէնը 1 քմ.: Գիւղն աշուղ Չիւանու ծննդավայրն է: Ամէն տարի Յուլիս ամսին կազմակերպւում են «Չիւանու օրեր», որոնց մասնակցում են Հայաստանից եկած հիւրեր՝ մտաւորականներ, աշուղներ, գուսաններ, եւ այլն: Գիւղի բնակչութեան թիւը աստիճանաբար նուազում է: Այժմ այնտեղ ապրում է շուրջ 950 մարդ:

ՉՕԾՅի շնորհիւ, դպրոցին կից ուսուցչի տունը վերանորոգուեց եւ այնտեղ այժմ գործում է երկսենեկանոց բուժկէտ, որը սպասարկում է նաեւ 50 շունչ բնակչութիւն ունեցող Ֆիլիպովօ գիւղին եւ սահմանապահներին: Բուժկէտում հերթափոխով աշխատում են 2 բուժքոյր, իսկ բժիշկը ամիսը 2 անգամ այցելում է գիւղ:

Սուլդա

Սուլդա գիւղի բնակչութեան թիւը հասնում է մօտ 1000ի: Նախկինում գիւղում գործել է հիւանդանոց, որը սպասարկել է տարածաշրջանի 15-20 գիւղերի բնակչութեանը, ինչպէս նաեւ խորհրդային մեծաթիւ սահմանապահ սպաների եւ զինուորների: ՉՕԾՅն վերանորոգել է նախկին հիւանդանոցի երեք սենեկանոց շէնքը, որն այժմ ծառայում է որպէս բուժկէտ եւ սպասարկում է շրջակայ Միասնիկեան, Բոզալի գիւղերի բնակչութեանը եւս:

Գիմբիրդա

Գիմբիրդա գիւղն ունի 2400 շունչ բնակչութիւն: Բուժկէտը գտնւում է գիւղապետարանի շէնքում, զբաղեցնում է երկու սենեակ: Այն ապահովուած է գոյքով, բուժական սարքաւորումներով եւ առաջին բուժօգնութեան պարագաներով: Բուժկէտը սպասարկում է նաեւ 600 շունչ ունեցող հայաբնակ Կիրովական գիւղին: Գիմբիրդա գիւղը յայտնի է Գիմբիրդայի միջնադարեան տաճարով, որը գործում է որպէս հայկական եկեղեցի:

Ազաւրէթ

Ազաւրէթ գիւղն ունի 1500 շունչ բնակչութիւն: Բուժկէտի շէնքը ՉՕԾՅին տրամադրել է գիւղապետարանը, որի վերանորոգումից յետոյ երեք սենեկանոց կահաւորուած բուժկէտում աշխատում է մէկ բժիշկ եւ մէկ բուժքոյր: Այն սպասարկում է շրջապատի Բուռնաշէթ՝ 820 շունչ, Ղադօ՝ 780 շունչ, Լոմատուրցխ՝ 516 շունչ բնակչութեամբ գիւղերին:

Բեժանօ

Բեժանօ գիւղն ունի 1400 շունչ բնակչութիւն: Բուժկէտը գտնւում է դպրոցի շէնքում, այն միաժամանակ սպասարկում է շրջակայ Չիխարուլի՝ 450 շունչ, Մոդեգամ՝ 600 շունչ եւ Բալանթա՝ 300 շունչ ունեցող գիւղերի բնակչութեանը:

Սամսար

Մեծ Սամսար գիւղն ունի շուրջ 400 շունչ բնակչութիւն: Բուժկէտը սպասարկում է նաեւ 600 շունչ բնակչութիւն ունեցող Փոքր Սամսար գիւղին: Գիւղն ունի ժայռափոր հայկական եկեղեցի:

Ասպինձայի Շրջան-Դամալա

Դամալա գիւղի բնակչութիւնը այժմ կազմում է շուրջ 2500 շունչ: Այնտեղ գործում էր բուժամբուլատորիա: Յանձնախումբը ամբուլատորիային է տրամադրել կահոյք, բուժական սարքաւորումներ ու պարագաներ, եւ առաջին բուժօգնութեան դեղօրայք: Ասպինձայի շրջանը ունի ընդամէնը 15,000 բնակչութիւն, որից շուրջ 3000ը հայեր են: Այդ շրջանը ստեղծուել է արհեստականօրէն։ Այն գտնւում է Ախալքալաքի եւ Ախալցխայի հայաբնակ շրջանների միջեւ եւ բաժանում է երկու հայկական շրջանները իրարից: Այժմ վրացական խորհրդարանի ընդունած օրէնքի համաձայն, այդ տարածքներում պէտք է վերաբնակեցնեն թուրք-մսխեթներին:

Ախալցխայի Շրջան

Յանձնախումբը Ախալցխայի շրջանի երկու բուժամբուլատորիաներին յատկացրել է բուժական սարքաւորումներ ու պարագաներ, կահոյք եւ առաջին անհրաժեշտութեան դեղօրայք:

Ծուղրութ

Ծուղրութ գիւղն ունի 1250 շունչ բնակչութիւն: Գիւղապետարանը բուժկէտ բացելու նպատակով յանձնախմբին տրամադրեց կիսաւեր շինութիւն, որի վերանորոգումից յետոյ այնտեղ աշխատում են 1 բժիշկ եւ 2 բուժքոյր: Նրանք սպասարկում են Մեծ Ծիրա՝ 450 շունչ, Փոքր Ծիրա՝ 45 շունչ եւ Միգելծմինդա՝ 20 շունչ ունեցող գիւղերի բնակչութեան: Ծուղրութ գիւղով է անցնում Բաքու-Թբիլիսի-Չէյհան նաւթամուղը, որի շնորհիւ մեծ գումարներ են տրամադրուել գիւղացիներին՝ հողերը օգտագործելու համար: Գիւղում գործում է հայկական դպրոց եւ եկեղեցի:

Պամաճ

Փոքր Պամաճ գիւղն ունի 870 շունչ բնակչութիւն: Գիւղում գործում է բուժամբուլատորիա, որտեղ աշխատում են մէկ բժիշկ եւ մէկ քոյր: Բժիշկը ունի բարձր որակաւորում եւ մեծ հեղինակութիւն է վայելում շրջապատի գիւղերում: Բուժամբուլատորիան սպասարկում է նաեւ շրջակայ Մեծ Պամաճ՝ 670 շունչ, Օրալ՝ 250 շունչ, Ղուլալիս՝ 170 շունչ եւ Սազէլ՝ 750 շունչ բնակչութիւն ունեցող գիւղերին:

Նինոծմինդայի Շրջան

Ռադիոնովկա

Ռադիոնովկա գիւղն ունի ընդամէնը 350 շունչ բնակչութիւն, բայց մեր կողմից կարեւորւում է այն պատճառով, որ այն գտնւում է Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին, բարձր լեռնային գիւղ է եւ ձմրանը ճանապարհները փակւում են: Բուժկէտը գտնւում է դպրոցի համար նախատեսուած տնակում, որի վերանորոգումից յետոյ այնտեղ տեղադրուել է կահոյք, տրամադրուել են բուժական սարքաւորումներ, պարագաներ եւ դեղօրայք:

Սաթխա

Սաթխա գիւղն ունի մօտ 2800 շունչ բնակչութիւն, գտնւում է մի խումբ գիւղերի ճանապարհի վրայ: Բուժկէտի շէնքը յանձնախմբին տրամադրել է գիւղապետարանը: Այն ամբողջութեամբ վերանորոգուել է յանձնախմբի կողմից: Բուժկէտում աշխատում են 1 բժիշկ եւ 2 բուժքոյր:

Գոնդուրա

Մեծ Գոնդուրա գիւղն ունի 1400 շունչ բնակչութիւն: Գիւղապետարանի շէնքում յանձնախմբին տրամադրուեց 2 սենեակ, որը հիմնովին վերանորոգուեց: Բուժկէտը ամբողջութեամբ կահաւորուած է անհրաժեշտ կահոյքով, բուժական սարքաւորումներով, պարագաներով եւ առաջին բուժօգնութեան դեղօրայքով: Բուժկէտը սպասարկում է շրջակայ Դիլիֆ՝ 1600 շունչ, Փոքր Գոնդուրա՝ 900 շունչ, Մամզարա՝ 800 շունչ, Ղուլալիս՝ 870 շունչ բնակչութիւն ունեցող գիւղերին:

Ծալկայի Շրջան

Նարդիւան

Նարդիւան գիւղն ունի 1800 շունչ բնակչութիւն: Բուժկէտի վերանորոգումից յետոյ յանձնախմբի կողմից բուժկէտին տրամադրուել է կահոյք, բուժական սարքաւորումներ, պարագաներ եւ դեղօրայք: Բուժկէտը սպասարկում է Այազմա՝ 550 շունչ ունեցող գիւղի բնակչութեանը:

Ղուշչի

Ղուշչի գիւղը ունի 500 շունչ բնակչութիւն: Բուժկէտի նշանակութիւնը խիստ կարեւորւում է, քանի որ այն գտնւում է հայկական եւ յունական մեծ գիւղախմբի կենտրոնում:

Բուռնաշէթ

Բուռնաշէթ գիւղն ունի 600 շունչ բնակչութիւն: Գիւղը գտնւում է համարեա մեկուսացուած վիճակում: Գիւղ տանող ճանապարհները ամրանը անանցանելի են, իսկ ձմրանը երկար ժամանակով ընդհանրապէս փակւում են: Բուժկէտը գործում է գիւղի միակ բուժքրոջ անձնական տանը:

Բորժոմիի Շրջան-Տաբածղուրի

Տաբածղուրի գիւղն ունի 730 շունչ բնակչութիւն: Գիւղի բուժկէտը գտնւում է բուժքրոջ անձնական տանը: Բուժքոյրը սպասարկում է նաեւ Մոլիթ՝ 285 շունչ բնակչութիւն ունեցող գիւղին:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

2006 թ.ից ի վեր ՀՕՄի Ջաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախմբի նախաձեռնութեամբ իրագործւում է Երիտասարդական կենտրոնների ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ ծանօթացնել երիտասարդութեանը հայ մշակոյթին, պատմութեան, սերմանել սէր առ հայրենիք եւ ազգային արժէքներ, դիմակայել նորօրեայ մարտահրաւէրներին, սովորել մասնակից դառնալ շրջանի եւ հանրապետութեան մէջ տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացներին:

Կենտրոնների գործունէութիւնը իր բնոյթով բազմաբեղուն է: Գործում են տարբեր խմբակներ:

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոն

Կենտրոնի բացումը տեղի ունեցաւ 2006 թ. Սեպտեմբեր ամսին: Երիտասարդական կենտրոն յաճախում են 130-150 պատանիներ ու աղջիկներ, որոնք իրենց պարապմունքներն անցկացնում են 8 տարբեր խմբակներում՝ լեզուների՝ հայերէն, անգլերէն, վրացերէն, երգի-պարի: Գործում է գրադարան, որտեղ միաժամանակ դասաւանդւում է հայ ժողովրդի պատմութիւն։ Գործում են ինտերնետ-ակումբ, ֆութպոլային թիմ, մարզական խմբակներ եւ այլն:

Կենտրոնի երգի-պարի համոյթը մասնակցել է Եւրոպական միութեան կազմակերպած «Բազմազանութիւնը մեր հպարտութիւնն է» փառատօնին եւ արժանացել է պատուոյ գրի: Այնտեղ յաճախակի են կազմակերպւում դասախօսութիւններ, կինոդիտումներ: Դասախօսութեամբ հանդէս են եկել եւ կենտրոնի աշխատանքներին ծանօթացել ՀՀ արտաքին գործոց նախկին նախարար /1998-2008/ Վարդան Օսկանեանը, Վրաստանում Մարդու իրաւունքների պաշտպանը, Հայաստանի հանրապետութիւնից, ԱՄՆից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից հայրենակիցներ:

Կենտրոն են այցելել բազմաթիւ հիւրեր միջազգային կազմակերպութիւններից եւ վրացական հասարակական կազմակերպութիւններից:

Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային կազմակերպութիւնների կողմից կազմակերպուած բազմաթիւ ուսուցողական դասընթացների ու սեմինարների:

Կենտրոնը սերտ յարաբերութիւններ ունի շրջանի հայ կրթօճախների հետ: 2007 թ.ի Սեպտեմբերին Ախալցխայի Երիտասարդական կենտրոնը շրջանում գործող մնացած նշանաւոր հասարակական կազմակերպութիւնների հետ կազմել է համախոհական խմբաւորում, որի նպատակն է նպաստել հասարակական կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեանը, որը մատչելի կը դարձնի հայ բնակչութեան համար հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան մասին տեղեկատուութիւնը, որը, իր հերթին, կամուրջ կը հանդիսանայ ժողովրդի եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ:

Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոն

2007 թ.ի Դեկտեմբերի 2ին Ախալքալաքում բացուեց Երիտասարդական կենտրոնը:

Կենտրոնի շէնքը գնուել եւ վերանորոգուել է ԱՄՆի Արեւմտեան Ափի ՀՕՄի Ջաւախքի յանձնախմբի կողմից, կահաւորուել է Քանատայի ՀՕՄի Ջաւախքի յանձնախմբի կողմից: Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը, որտեղ յաճախում են շուրջ 250 պատանիներ ու աղջիկներ եւ իրենց պարապմունքներն են անցկացնում տարբեր խմբակներում, ծառայելու է Ջաւախքի երիտասարդների գիտելիքների ամբարմանը եւ նրանց զարգացմանը:

Կենտրոնում գործում են հետեւեալ խմբակները.
Հայոց լեզուի դասընթացներ՝ ռուսական դպրոց յաճախող հայ աշակերտների համար.
Հայոց պատմութեան դասընթացներ.
Անգլերէն լեզուի դասընթացներ, անգլերէնը այսօր համարուելով աշխարհում ընդունուած ամենակարեւոր հաղորդակցման միջազգային լեզուներից մէկը, չտիրապետելով այդ լեզուին գրեթէ անհնար է մասնակցել երկրում տեղի ունեցող գործընթացներին.
Համակարգչի դասընթացներ. ժամանակակից կեանքում մեծ կարեւորութիւն ունի նաեւ համակարգչի իմացութիւնը, եւ դասընթացները մեծ յաջողութիւն են վայելում այցելուների մօտ.
Ձեռագործութեան դասընթացներ.
Պարի դասընթացներ.

Նախատեսւում է նաեւ սկսել նկարչութեան, շախմատի ու իրաւաբանական խորհրդատուութեան դասընթացներ: Վերոնշեալ դասընթացները անվճար են:

Կենտրոն են այցելում նաեւ յարակից հայկական գիւղերի երիտասարդներ: Կենտրոնը ունի գրադարան եւ ինտերնետ:

Փոկայի Սպորտային Դահլիճ

Առաջիկայում կը գործի նաեւ Փոկայի սպորտային դահլիճը, որի շէնքային պայմանները թոյլ չեն տալիս աւելի լայն գործունէութիւն ծաւալելու: Փոկայի սպորտային դահլիճը կարեւորւում է նրանով, որ գիւղը գտնւում է Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին, իսկ երիտասարդները աստիճանաբար հեռանում են գիւղից՝ զբաղմունք չունենալու պատճառով: Կենտրոնը հնարաւորութիւն կը տայ տեղի երիտասարդութեանը իր ազատ ժամանակը անցկացնել արդիւնաւէտ եւ բովանդակալից:

Բոգդանովկայի Երիտասարդական Կենտրոն

Ձեռք է բերուել շէնք՝ իր շրջակայ 1.5 հա. անտառապատ հողատարծքի հետ միասին, որը գտնւում է քաղաքի կենտրոնական մայրուղու վրայ: Շէնքը հիմնարար վերանորոգման անհրաժեշտութիւն ունի, սակայն առ այժմ ֆինանսների բացակայութեան պատճառով, գործընթացը սկսուած չէ:

Մարզադահլիճներ

Գիւղական երիտասարդութեան ազատ ժամանակը յագեցուած ու բովանդակային դարձնելու նպատակով, յանձնախումբը ստանձնեց Ախալքալաքի շրջանի՝ Սուլդա, եւ Բոգդանովկայի շրջանի՝ Եֆրեմովկա գիւղերում մարզադահլիճների բացումը եւ դրանց համապատասխան մարզագոյքով կահաւորումը:

ԿԱՐՃԱԺԱՄԿԷՏ ԾՐԱԳՐԵՐ

Կրթական Ծրագրեր

Դպրոցներում կազմակերպւում են շնորհալի երեխաների շարադրութիւնների «Ես հայ եմ» խորագրով մրցոյթներ: 2004 թ.ին շարադրութեան «Լաւագոյն նկար» եւ «Հմուտ ձեռքեր» մրցոյթներում յաղթած 25 աշակերտի եւ 5 ուսուցիչների համար կազմակերպուեց Հայաստան-Արցախ շրջապտոյտ։

Աւարտուել են Ղադօ գիւղի դպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնք իրագործուել են Իրանի ազգային իշխանութիւնների տրամադրած միջոցներով: Այսօր դպրոցում սովորում է 150 աշակերտ:

Յանձնախմբի օժանդակութեամբ Ջաւախքի դպրոցների լաւագոյն աշակերտները սովորում են Երեւանի Բուհերում՝ հետագայում Ջաւախք վերադառնալու պայմանով:

ՋՕԾՅն կազմակերպում է ուսուցիչների համար կրթական մեթոդների ուսումնասիրութեանը նուիրուած գիտաժողովներ: Պարբերաբար կազմակերպւում է ուսուցիչների վերապատրաստում Երեւանում:

Սոցիալական Աջակցութիւն

Փարւանա լճի աւազանի՝ Գանձա-Փոկա-Վլադիմիրովկա-Ասփարա-Տամբովկա գիւղերի բարձրավոլտ ելեկտրական հաղորդման 25 կմ. գծերի վերանորոգման ծրագիր.

Կազմակերպական եւ նիւթական աջակցութիւն Ջաւախքի երիտասարդական կազմակերպութիւններին, ամառնային ճամբարներին.

Մարդասիրական օգնութիւն, գրենական պիտոյք, դեղօրայք, հագուստ՝ անապահով խաւերին.

Հոգեւոր-Մշակութային Ծրագրեր

Գիտաժողով Հայաստանի հանրապետութեան համալսարանների, Ազգային ակադեմիայի եւ Գիտական հաստատութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ՝ նիւթերի հրատարակութիւն գրքի տեսքով «Կերոն 2002».
«Հայրենի Ջաւախք» ժողովածուի տպագրութիւն.
«Ջաւախքի եւ յարակից շրջաններ» քարտէզի տպագրութիւն.
Եղեռնի զոհերի յիշատակի խաչքարի տեղադրում Ախալցխայում.
«Յաւերժական Հայրենիք» պատմավաւերագրական ֆիլմի նկարահանում.
«Ջաւախքը՝ մենք ենք» պատմավաւերագրական ֆիլմի նկարահանում.
«Քաջատուն» թերթի հրապարակում՝ երիտասարդների համար.
Հաւաքական մկրտութիւնների կազմակերպում, համագործակցութիւն եկեղեցու հետ.
ՀՕՄի Ջաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախումբը (ՋՕԾՀ) ստեղծուել է 2001 թ. Յունիսին:

ՋՕԾՅի Կենտրոնական գրասենեակը գտնւում է Երեւանում, Հայաստան: Ախլքալաքում եւ Ախալցխայում (Վրաստան), ինչպէս նաեւ մի շարք երկրներում, որտեղ կան ՀՕՄի միաւորներ, գործում են տեղական յանձնախմբեր: Իր գործունէութեան ընթացքում ՋՕԾՅ իրագործել է շուրջ 500,000 ԱՄՆ տոլարի բարեսիրական ծրագրեր:
Այսօր ՋՕԾՅն համագործակցում է ինչպէս տեղական, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների հետ:

Post a comment